«Նեմեսիսը» ՀՀԴ կուսակցության կազմակերպած հատուկ գործողություն
էր՝ ահաբեկման միջոցով հայոց Մեծ եղեռնը կազմակերպող և իրականացնող
երիտթուրքական կառավարության պարագլուխներին
պատժելու նպատակով:
Արմեն Գարո
(Գարեգին Փաստրմաճյան, 1872–1923 թթ.),
«Նեմեսիս» գործողության պատասխանատու
մարմնի ղեկավար
|
Շահան Նաթալի
(Տեր-Հակոբյան Հակոբ, 1884–1983 թթ.), գրող, խմբագիր, պատմաբան,
Գ. Մերջանովի հետ ղեկավարել է «Նեմեսիս» գործողությունը և ապահովել նյութական միջոցները:
|
Գրիգոր Մերջանով
(1880 թ.– մահ. թ. անհայտ),
Շահան Նաթալիի հետ ղեկավարել է «Նեմեսիս» գործողությունը և ապահովել նյութական միջոցները:
|
Հրաչ Փափազյան (1892–1960 թթ.), ղեկավարել է հանցագործներին հայտնաբերելու գործը:
|
Արամ Երկանյան (1900–1934 թթ.)
|
Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Հետագայում կոչվել է Հայկական Նեմեսիս (1921–22 թթ.):
Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Օսմանյան կայսրության պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և երկրի կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար և հեռակա կարգով դատապարտվել մահվան:
1919 թ-ին Երևանում ՀՀԴ կուսակցության IX ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ի կատար ածել երիտթուրքական պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Արձանագրվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:
«Նեմեսիսի» պատասխանատու մարմնի ղեկավարը Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան) էր, Հատուկ ֆոնդինը՝ Շահան Սաթճակլյանը: Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը ղեկավարել են գործողությունը և ապահովել նյութական միջոցները: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարել է Հրաչ Փափազյանը, որը, որպես թուրք ուսանող, թափանցել է երիտթուրքական վտարանդիական բարձր շրջանակներ: Գործողության կազմակերպչական կենտրոններ էին «Ճակատամարտ» (Կոստանդնուպոլիս) և «Դրոշակ» (Բոստոն) թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը (3–5 մարդ) հետապնդում էին որոշակի հանցագործի և հարմար պահին դատավճիռն ի կատար ածում: Կատարվել են վրեժխնդրական հետևյալ գործողությունները:
Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) 1921 թ-ի մարտի 15-ին Բեռլինում իրագործել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի մահավճիռը:
Արշավիր Շիրակյանը 1921 թ-ի դեկտեմբերի 5-ին Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմին:
Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը 1922 թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և հակահայկական «Հատուկ կազմակերպության» հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին:
Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը 1922 թ-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:
Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, որը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա և դարձել հակախորհրդային բասմաչական շարժման ղեկավարներից: Այստեղ նրա սպանությունը կազմակերպել է Կարմիր բանակի զորահրամանատար Հակոբ Մելքումովը (Մելքումյան):
Չի հաջողվել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափորձ արել Մուստաֆա Քեմալի դեմ, որի համար և մահապատժի է ենթարկվել:
Բացի երիտթուրքական պարագլուխներից՝ հայ վրիժառուները ոչնչացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության գործիչների, որոնք մեղադրվում էին 1918 թ-ի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար:
Արամ Երկանյանը 1920 թ-ի հունիսի 19-ին Թիֆլիսում սպանել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն, իսկ Միսաք Թորլաքյանը 1921 թ-ի հուլիսի 19-ին Կոստանդնուպոլսում գնդակահարել է Բաքվի և Շուշիի հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեյբութ խան Ջևանշիրին:
«Նեմեսիսի» վերաբերյալ հրատարակված երկերից հատկապես ուշագրավ են վրիժառուներ Արամ Երկանյանի «Այսպես սպաննեցինք» (Բեյրութ, 1954 թ.), Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ» (Կահիրե, 1956 թ.), Գրիգոր Մերջանովի «Քանի մը հուշեր Արշավիր Շիրակյանի» (1957 թ., Փարիզ) ու «Իմ կտակը» (1972 թ., Բեյրութ), Միսաք Թորլաքյանի «Օրերուս հետ» (Բեյրութ, 1963 թ.) գրքերը:
0 коммент.:
Отправить комментарий