Ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության արդյունքները, որի հիմնադիրներն են Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը` «Օրանժ» ընկերության աջակցությամբ: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հենց վարպետին էլ հանձնեց առաջին «Հայակը»: Սոս Սարգսյանը, փաստելով մրցանակաբաշխության կարեւորությունը, ասաց, որ ամեն գնով պետք է աջակցել հայ կինոյին. «Ու ժամանակն է, որ մեր կինոն վերադառնա մեր ակունքներին, եւ էկրանին նայելիս` հասկանաս, թե որ ժողովրդի ֆիլմն ես նայում»:
Հայկական կինոյում ունեցած ավանդի համար «Հայակ» շնորհվեց Արտավազդ Փելեշյանին, Լեւոն Աթոյանցին, Արման Մանարյանին եւ Ալբերտ Մկրտչյանին: Հատուկ մրցանակ տրվեց «Օրանժ» ընկերությանը: Լավագույն դեբյուտ անվանակարգում մրցանակ ստացավ Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ»): Վերջինս ցանկություն հայտնեց, որ «Հայակում» հաջորդ տարիներին լինի այնպիսի կարեւոր անվանակարգ, ինչպիսին լավագույն հնչյունային ռեժիսորն է:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները, «Լավագույն վավերագրական ֆիլմ» ` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերիցը»: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` «Յարխուշտայի» համար, իսկ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանին: Մրցույթի ժյուրին, որպես «լավագույն նկարիչ», առանձնացրել էր Վարդան Սեդրակյանին:
«Լավագույն դերասան» ճանաչվեց Միքայել Պողոսյանը ( «Երեւան ջան» ), իսկ «լավագույն դերասանուհի»` Աննա Էլբակյանը ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): Դերասանուհին ցավով նշեց, որ այսօր ողջ չեն ֆիլմի հեղինակներ Առնոլդ Աղաբաբովն ու Զորայր Խալափյանը, իր որդին` Էդգար Էլբակյանը, որ երազում էր պապիկի` ավագ Էդգար Էլբակյանի նման վիրտուոզ լինել: Աննա Էլբակյանը հուզմունքով հիշեց, որ Առնոլդ Աղաբաբյանը իրեն տեսել է, երբ պետք է նկարահանվեր «Սպիտակ ոսկոր» ֆիլմում, ռեժիսորը տեսել է մոդայիկ հագնված, Սոս Սարգսյանի ձեւակերպմամբ «ասֆալտի վրա մեծացած» աղջնակին ու ի հեճուկս շատերի հավատացել, որ նա կարող է խաղալ գյուղացի կնոջ դերը` 17-ից մինչեւ 60 տարեկան:
«Լավագույն սցենարը», ըստ ժյուրիի, Առնոլդ Աղաբաբովի եւ Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծոն» էր: Մրցանակը հանձնելու համար հրավիրված գրող, սցենարիստ եւ թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը ծրարը բացելիս շատ հուզվեց, ասելով. «Հիմա իրենք վերեւից նայում եւ ժպտում են, որ մենք մեր երախտագիտության եւ ճաշակի հիշողությունը չենք կորցրել»: «Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակ տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»), իսկ «լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման»): «Լավագույն խաղարկային ֆիլմն» էլ Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառո…» աշխատանքն էր: Մրցանակաբաշխությունը նաեւ գեղեցիկ եւ ճաշակով շոու էր, որի գեղարվեստական մասն ապահովել էր ռեժիսոր Արամ Սուքիասյանը:
0 коммент.:
Отправить комментарий