24 апр. 2012 г.

Հայոց Ցեղասպանություն (Armenian Genocide) Մաս 2:Մինչեվ 1915 թվականը

1877 թվականին սկսվեց հերթական Ռուս-թուրքական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը։ Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ։ Սա համեմատաբար ձեռնտու լուծում կլիներ հայերի համար, սակայն արևմտաեվրոպական պետությունները՝ մտահոգված լինելով Ռուսաստանի հաջողությունների մասին, հակամարտող կողմերին նոր բանակցությունների հրավիրեցին՝ այս անգամ արդեն Բեռլինում։ Այս ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում բնակվում էր շուրջ 2 500 000 հայ։ Բեռլինյան բանակցությունների ժամանակ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային։ Ծագեց Հայկական հարցը, որը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և, հետևաբար, հայերի վիճակի բարելավումը։ Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը։ Եվրոպական դիվանագիտությունը սկսեց գործածել Հայկական հարցը որպես Թուրքիային ճնշելու գործիք, իսկ թուրքական կառավարությունը որդեգրեց նոր ռազմավարություն։ Այն Հայկական հարցի վերացման համար որոշեց ընտրել հայ ժողովրդին բնաջնջման տարբերակը։ Այդ նպատակով ստեղծվեցին “համիդիե” կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը։ Խստացվեց հայահալած քաղաքականությունը։ Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը, որի նախաձեռնությամբ 1895-1896 թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը։ Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն ասել է. «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»։ Մինչև առաջին աշխարհամարտի սկիզբը հայերի թիվը հազիվ էր հասել 100000-ի։ Այս տարբերությունը բացատրվում է ստիպողական գաղթերով, որոնք տեղի են ունեցել 1894-1921 թթ.։ Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում։ Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ։ Մոտավորապես նույնքան հայեր էլ հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը` Ռուսաստան, իսկ 200 000-ը` Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին։

1908-1914 թվականները

1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությունները։ Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը։ 1909 թվականի ապրիլի 1-ից 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը։ Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք։ Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքներն է՛լ ավելի սաստկացան։ 1911 թ. հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով»: Այդպես ողջ Օսմանյան կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարված տալու։ Հայերի բնաջնջման գործն իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլք։

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews